Մոսկովյան պուրակի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները մի քանի շարք պատ կազմած փակել էին ճանապարհը, մոտ 40 րոպե կանգնելուց ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու իրենց պահանջը ներկայացնելուց հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վերսկսեց երթը։
Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ իրենք կրկին կվերադառնան ԿԸՀ շենքի մոտ, քանի որ, նրա խոսքով, հենց ԿԸՀ-ում են այս պահին կեղծվում հանրաքվեի արդյունքները:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի կազմակերպիչներին վստահեցրեց, որ ճանապարհը փակել են այն պատճառով, որ ԿԸՀ շենքի մոտ մեծ թվով հեռուստաընկերությունների մեքենաներ են կանգնած, որոնք ուղիղ եթեր են ապահովում, եւ ԿԸՀ շենքում նիստ է ընթանում, այդ պատճառով երթը կարող է խանգարել նրանց:
Նա նաեւ նշեց, որ, ըստ օրենքի, 22:00-ից հետո չի թույլատրվում լուսային ու ձայնային տեխնիկա օգտագործել ու խնդրեց չաղմկել, քանի որ երթն անցնելու է բազմաբնակարան շենքերի մոտով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին երթը Կորյունի փողոցով շարժվում է դեպի Աբովյան փողոց, ապա Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով դեպի Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ երթի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ այն կեղծվել է:
Նախնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ընդհանուր ընտրողների 50.51 տոկոսը: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի:




























