Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին խոչընդոտել են ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս:

Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության համաձայն, նախ, ի սկզբանե ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակվել է լրագրողի եւ օպերատորի տեղաշարժը: «Տեղի ունեցած միջադեպից հետո, մեր լրագրողից բանավոր ներողություն է խնդրել վարչապետի մամուլի պատասխանատուն՝ ասելով, որ տեղի ունեցածը պատահականություն է:

Սակայն միջադեպի պարզ վերլուծությունը փաստում է, որ դա ուղղակի դիտավորություն է: Իսկ ժողովրդավարությունը, դեմոկրատիան, ազատ խոսքը ամբիոններից ու հեռուստաեթերներից հնչեցնող, արժեւորող եւ կարեւորող վարչապետն իր հերթին հրաժարվել է պատասխանել մեր լրագրողի Գյումրիում ընթացող բնակարանաշինությանը վերաբերող հարցին, որի պատասխանին սպասում են հազարավոր գյումրեցի անօթեւաններ»,- ասված է հայտարարության մեջ:

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարել է, որ դատապարտում է լրագրողի աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ եւ պատրաստ է կանխելու ցանկացած նման քայլ՝ անկախ դիմացինի պաշտոնական դիրքից, ֆիզիկական եւ մտավոր ունակություններից: