«Ակկյու» ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծերի շուրջ բանակցությունների կասեցումը դարձել է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ծագած կոնֆլիկտի եւս մի եզրը, գրում է The New York Observer պարբերականի տեսաբան Միկա Հալփերնը։

Վերլուծաբանը նշում է, որ Թուրքիան արդեն սկսել է ատոմային էլեկտրակայանի շինարարության համար նոր գործընկեր փնտրել, սակայն քիչ է հավանական, որ դա նրան կհաջողվի։ «Դրանում է խնդրի էությունը եւ պատճառը, թե ինչու Թուրքիան երբեք չի կարող հաղթող դուրս գալ Ռուսաստանի հետ կոնֆլիկտից»,- գրում է Հալփերնը՝ դա բացատրելով նրանով, որ երկիրը  գրեթե ամբողջովին կախված է էներգիայի ներկրումից։

Ռուսաստանի կողմից թուրքական մրգերի եւ բանջարեղենի ներկրման դադարեցումն արդեն հսկայական վնաս է հասցրել Թուրքիայի տնտեսությանը։ Բացի այդ, ՌԴ իշխանություններն արդեն արգելել են դեպի Թուրքիայի զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը եւ չարտերային թռիչքները։ Եթե ռուսաստանցիները կարողանան այլ հանգստավայրեր գտնել, Անկարան, զրկվելով 3.3 մլն զբոսաշրջիկներից, չի կարող լրացնել այդ բացը, կարծում է հեղինակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գազի մատակարարման հարցը նույնպես Թուրքիայի օգտին չէ, քանի որ նա չի կարող ռուսական գազին այլընտրանք գտնել։ Խնդիրը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Եգիպտոսի հետ վատ հարաբերությունների մեջ է։ Հեղինակը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիան վատ հարաբերությունների մեջ է նաեւ Իսրայելի հետ։

Այդ իրավիճակում Թուրքիան հույսը դրել է Եվրամիության աջակցության վրա՝ կարծելով, որ Վլադիմիր Պուտինի եւ  նրա վարած քաղաքականության դեմ ընդհանուր դժգոհությունը կօգնի իրեն այս հարցում։ Սակայն տեսաբանը նշում է, որ այդ իրավիճակում Թուրքիայի հաշվարկները սխալ են, քանի որ Սու-24 օդանավի միջադեպից հետո Արեւմուտքը չի պատրաստվում կատարվածի մեջ մեղադրել Ռուսաստանին։ Չնայած ճնշում գործադրելու Թուրքիայի ջանքերին՝ հենց Ռուսաստանն է ի վիճակի իրական ճնշում գործադրել այս կոնֆլիկտում։