Կեղծված ընտրությունների մասին բղավում ու գալարվում են այն քաղաքական ուժերը, որոնք հանձնաժողովներում աճուրդի են հանել իրենց տեղերը։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց «Այո»-ի ճակատում գտնվող ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Տիկին Զոհրաբյան, 2014-ի սեպտեմբերի 25-ին, Աբովյանում եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարել էիք, որ «սահմանադրական փոփոխությունները, որ բռնի ուժով փաթաթվելու են ժողովրդի գլխին, մեկ նպատակ են հետապնդելու` եւս տասը տարով ապահովել գործող իշխանության, Հանրապետական կուսակցության դիկտատուրան»։ Ձեր կանխատեսումն իրականացա՞վ։
Այդ նախագիծը բավականաչափ փոփոխությունների ենթարկվեց, ես հասկանում եմ, որլրատվական քարոզչական ալգորիթմի տեսանկյունից շատ հետաքրքիր հարց է,բայց ժամանակի մեջ, երբ որ մենք ունեինք բացարձակապես այլ քաղաքական իրավիճակ եւ այլ նախագիծ, որը էական փոփոխությունների է ենթարկվել, իմ բոլոր հայտարարություները ուժի մեջ են։
Բայց փաթաթվե՞ց այդ նախագիծը քաղաքացիների վզին, թե՞ ոչ։
Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց քվեն ազատ արտահայտելու, այլ հարց է, որ քաղաքական ուժերն ինչպես կարողացան իրենց տեղերում՝ թե՛ընդդիմադիր, թե՛ այլ, պաշտպանել իրենց ձայները։ Տվյալ քաղաքական իրավիճակի համար ներկայացված հայեցակարգի վերաբերյալ, որն այնուհետ ենթարկվեց բավականաչափ փոփոխությունների, իմ բոլոր հայտարարությունները ուժի մեջ են, ես բոլորին տեր եմ։ Սա ասում եմ ի պատասխան բոլոր նրանց, ովքեր գերագույն հաճույքով փետրվարից այս կողմ դա դարձրել են իրենց կյանքի թիվ մեկ խնդիրը։
ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք հետեւել են ընտրություններին եւ ականատես եղել բազմաթիվ ընտրախախտումների, հայտարարում են, որ հանրաքվեն ծայրից ծայր կեղծված է։ Հանձնաժողովներում ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ի՞նչ են ասում։
Հանձնաժողովներում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներին տրվել է հստակ հանձնարարական՝ իրենց տեղերում օրենքի շրջանակում ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Ես ինքս գոհ եմ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների աշխատանքից։ Ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի,որոնք յուրաքանչյուր հարթակից խոսում են, թե ինչպիսի տիտանական ու հերոսական ջանքերով են կանխել ընտրակեղծիքները, մենք ասում ենք՝ ընդամենը մեր գործն ենք արել։
Քանի՞ խախտում եք արձանագրել։
Ես ուղղակի անիմաստ եմ համարում հայտարարել, թե քանի անգամ է մեր ներկայացուցիչը փորձել կանխել տարբեր տեղական մակարդակի չինովնիկների եւ այդ կլանի անօրինական գործողությունները։
Քանի՞ բողոք եք ներկայացրել իրավապահ մարմիններին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դեռեւս ամբողջական պատկերը մենք չունենք, մի տեղ բացել են «այո»-ի քվեներն են ավելացել, մի տեղ՝ «ոչ»-ի, բայց եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ այս հանրաքվեին, ցավոք, պիտի արձանագրենք, որ գործընթացների հանդեպ վստահությունը Հայաստանում չավելացավ։ Դա ինձ համար ամենացավալի արձանագրումն է։ Տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք հերթական անգամ որեւէ կերպ չբարձրաձրեցին ո՛չ հանրության, ո՛չ էլ միջազգային կառույցների վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ։ Էստեղ անելիք ունեն բոլորը, բղավելը, գոռալը գալարվելը ընտրախախտումների վերաբերյալ բավարար չէ։ Գալարվում են այն ուժերը, որոնք իրենց տեղերը աճուրդի էին հանել։
Ո՞ր ուժիերին նկատի ունեք՝ «Ժառանգությանը», ՀԱԿ-ին։«Ոչ»-ի ճակատն է ահազանգում ծայրից ծայր կեղծված ընտրությունների մասին եւ համապատասխան մարմիններին ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ հարյուրավոր բողոքներ։
Այդ աճուրդի հանված տեղերի մասին, բազմիցս մամուլում եղել են հրապարակումներ, բազմաթիվ վկայություններ, կրկնում եմ՝ ամենաշատը գոռում են այն կուսակցությունները, ովքեր հանձնաժողովներում իրենց տեղերը չեն կարողացել լրացնել անհրաժեշտ թվով ներկայացուցիչներով՝ վստահելի անձինք չունենալուպատճառովկամ ուղղակի աճուրդի են հանել իրենց տեղերը։ Դա փաստ էր, ինչը որեւէ քաղաքական ուժ վիճարկելու բարոյական իրավունք չունի։
Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ 800 հազար մարդ է մասնակցել քվերակությանը, որից մոտ 600 հազարը քվեարկել է «ոչ», 200 հազարը՝ «այո»: Սա է հանրաքվեի իրական պատկերը: Դուք համամի՞տ եք, որ ավելի շատ «ոչ» է եղել, քան պաշտոնական 421 հազարը։
Երբ որ կներկայացնեն ապացուցող փաստեր, որ ըստ դրա՝ այդքան քվե կեղծվել է, այդ ժամանակ մենք կխոսենք, գործ կունենանք փաստերի հետ, ես էլ շատ բան կարող եմ ասել։ Ասելով չի, փաստեր․․․
Ձեր կարծիքով, արձանագրված, հրապարակված խախտումները էական ազդեցություն ունեցե՞լ են հանրաքվեի վերջնական արդյունքի վրա։
Եթե տեսականորեն ընդունենք, որ բողոքարկված 78 տեղում, ամեն տեղամասում 600-700 ձայն կեղծվել է «այո»-ի օգտին, եթե հաշվենք ու ավելացնենք «ոչ»-ի վրա, նույնիսկ դրա հանրագումարը չի ազդում ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այլ հարց է, որ տեղի ունեցան այնպիսի ընտրություններ, որոնք չբարձրացրին ընտրական գործընթացների հանդեպ մեր քաղաքացիների վստահությունը։ Եւ որեւէ քաղաքական ուժի հեղինակությունը՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր։



























