Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մեկնել են Բաքու` Ղարաբաղի հյուսիսում զորքերի շփման գծի գոտուց:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, սեպտեմբերի 8-ի առավոտյան նրանք ժամանել են Բարդու: Հանդիպումից հետո ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե տարածաշրջանային այցի ավարտից հետո համապատասխան ամփոփիչ հայտարարություն կլինի:

«Ես մեր ղեկավարության եւ երեք համանախագահների անունից ուզում եմ ասել, որ բավական հետաքրքիր այց կատարեցինք Ադրբեջանի՝ մեզ համար անհայտ շրջան, հանդիպումներ անցկացրեցինք տեղական կառավարման մարմինների ղեկավարների հետ, տեղեկություններ ստացանք նրանցից: Մենք այստեղ տեղեկություններ ենք ստացել բռնի տեղահանվածների իրավիճակի եւ կյանքի պայմանների մասին, նաեւ արժեքավոր տվյալներ` մեր առաքելության վերաբերյալ: Ասեմ, որ մենք դեռ մեկնաբանություններ անել չենք կարող: Քանի որ սա մեր առաքելության առաջին փուլն է: Երկու-երեք օրից, այցի վերջում մենք հանգանմանալից տեղեկություններ կտանք, առանց մեկնաբանությունների` Ադրբեջան եւ Հայաստան  կատարելիք այցի մասին»,- Ֆասիեին է մեջբերել  APA-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ղարաբաղի հյուսիսում զինված ուժերի շփման գծում կայանալու է հերթական դիտարկումը: Նախատեսվում է, որ միջազգային միջնորդները կանցնեն շփման գիծը: Այսօր միջնորդները հանդիպում կունենան Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, իսկ վաղը կժամանեն Երեւան: