1992 թվականից մինչ այսօր հայ գիտնականները ավելի քան 6000 հոդված են տպագրել միջազգային բարձր վարկանիշ ունեցող տարբեր ամսագրերում, իսկ այդ հոդվածներին ավելի քան 46 հազ. հղում է կատարվել։ 100 կամ 1000 գիտնականին բաժին ընկնող հոդվածների քանակով Հայաստանը առաջ է անցել հարեւան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից, անգամ Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Այս մասին Երեւանի մամուլի ակումբում սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով՝ միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների մոտ 57 տոկոսը վերաբերում է ֆիզիկային, 10-12 տոկոսը՝ կենսաբանությանը, այնուհետեւ գալիս է քիմիան, մաթեմատիկան։ Ինչ վերաբերում է հումանիտար հոդվածներին, ապա ըստ Ս. Հարությունյանի՝ դրանք թվով ամենաքիչն են՝ ընդամենը մի քանիսը։
«Մենք հետ ենք մնում Բալթյան երկրներից՝ Լատվիա, Լիտվիա, Էստոնիա, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այդ երկրներում գիտությանը հատկացվող գումարները եւ դրսի օգնությունը»,- ասաց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահը։





























