Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմին եւ գլխավոր քարտուղար Ժոաո Դիոգո Պինտոյին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում:

Շառլ Ֆերդինանդ Նոթոմը նշել է, որ Հայաստանի եվրոպական շարժումն ամենադինամիկն է  Եվրոպայի այս հատվածում: Նա  ողջունեց  2011 թվականի նոյեմբերին  Միջազգային եվրոպական շարժման համաժողովի  անցկացումը Հայաստանում` ակնկալելով  ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Այն նվիրված կլինի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրմանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել համաժողովի գաղափարը`պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա անցկացմանը: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ համաժողովը դրական կանդրադառնա ժողովրդավարական  գործընթացների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: