Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հարցազրույցը՝ NEWS.am-ին։

Ի՞նչ ուղղություններով է զարգանում ԼՂՀ տնտեսությունը։

ԼՂՀ տնտեսական քաղաքականությունը կայացման ժամանակաշրջանում ուղղված է ինչպես նախկինում գործող ճյուղերի զարգացմանը, այնպես էլ նոր հեռանկարային արտադրությունների բացմանը։ Առանձնացվել են գերակա ճյուղերը, որոնց ուղղությամբ զարգացման պետական ծրագրեր են մշակվել։ Այդ ծրագրերի իրացման արդյունքն է տնտեսության ներկայիս կառուցվածքը եւ վիճակը։

Այսպես՝ հիդրոէներգետիկայի զարգացման ծրագրի երկարաժամկետ հեռանկարների շրջանակներում վերջին 10 տարվա ընթացքում Արցախում կառուցվել է 13 ՀԷԿ, ինչը թույլ է տվել մեծացնել էլեկտրաէներգիայի ծավալները ավելի քան 6 անգամ եւ դուրս գալ էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մակարդակի։ Այսօրվա դրությամբ էներգետիկայի ոլորտում աշխատում է ավելի քան 2000 մարդ։

Տնտեսության նոր ուղղություններից մեկը լեռնահանքային արդյունաբերությունն է։ Լինելով առավել երիտասարդ ճյուղ՝ այն դարձել է  պետական բյուջե հարկային վճարումների խոշորագույն աղբյուրը եւ 1500 աշխատատեղ է ապահովել։

Իրականացվում է նաեւ թեթեւ արդյունաբերության վերականգնման պետական ծրագիր։ Հատկապես հաջողություններ են գրանցվել գորգագործության զարգացման ծրագրի իրականացման մեջ, որտեղ հիմնական շեշտադրումն արվում է արտադրական գործընթացին գյուղացիներին ներգրավելու վրա։

Վերոնշյալի հաշվարկով հանդերձ Արցախի տնտեսությունը ամեն դեպքում շարունակում է գյուղատնտեսական ուղղվածություն ունենալ։ Այդ ոլորտում է զբաղված տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը։ Այդ ոլորտը թույլ է տալիս անհրաժեշտ հումքի բազա ձեւավորել նաեւ սննդամթերքի արդյունաբերության համար, մասնավորապես արտահանման ենթակա այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են պահածոների արտադրությունը եւ գինեգործությունը։

Հայաստանից բացի, այլ գործընկերներ կա՞ն։

Արցախի տնտեսությանը բնորոշ է բաց լինելը. աշխարհի շատ երկրների հետ առեւտրային հարաբերություններ ենք զարգացրել։ Տեղական արտադրանքը արտահանվում է ինչպես ԱՊՀ երկրներ (Ռուսաստան, Բելառուս, Ուզբեկստան), այնպես էլ այլ երկրներ՝ Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իրան։ Այդ գործընթացների ակտիվացմանն է ուղղված արտահանման եւ արտաքին շուկայում հայրենական արտադրանքի աջակցության պետական ծրագիրը։ Ծրագրով արտադրողներին աջակցություն է ցուցաբերվում ներկրող երկրների պահանջներին համապատասխան փաստաթղթերի ձեւակերպման հարցում։ Աջակցություն է ցուցաբերվում նաեւ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, հնարավոր գործընկերներ որոնելու, գործնական շփումներ հաստատելու եւ արտադրանքը արտաքին շուկայում ներկայացնելու առումով։

ԼՂՀ-ում ներկայացվա՞ծ են օտարերկրյա ընկերություններ եւ համատեղ ունեցվածքով ընկերություններ։

Արտասահմանյան երկրների հետ փոխհարաբերությունները դրված են ոչ միայն մեր առեւտրի հարթակում, այլ նաեւ ազգային տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ներգրավման առումով։

Օտարերկրյա ներդրումներ գրավելու համար պետությունը բարենպաստ ներդրումային կլիմա ստեղծելու քաղաքականություն է վարում։ Օրենքով որոշ արտոնություններ եւ երաշխիքներ են տրվում, որոնց նպատակը օտարերկրյա ներդրումների աճը խթանելն է։

Կայուն ներքաղաքական իրավիճակը եւ արմատական հարկային բարեփոխումները Լեռնային Ղարաբաղն ավելի հրապուրիչ են դարձրել արտասահմանցի ներդրողների համար։ Միջինում գրաված ներդրումների ծավալը կազմում է ընդհանուր ներդրումների 10 տոկոսը։ Գրանցված է արտասահմանյան մասնակցություն ունեցող 160 ընկերություն։ Որպես արտասահմանյան կապիտալի ներդրման ոլորտ՝ կարելի է առանձնացնել արդյունաբերությունն ու հեռահաղորդակցման ոլորտը; Ընդ որում, եթե տնտեսության կայացման սկզբնական փուլում օտարերկրյա ներդրողները շուկա էին մտնում որպես նոր ընկերությունների հիմնադիրներ, ապա վերջին ժամանակներս նկատվում է համատեղ ձեռնարկություններ ստեղծելու միտում։ Օտարերկրյա ներդրումները ներառվում են արդեն գործող տեղական ընկերությունների ընդլայնման համար։

Ինչպիսի՞ արդյունաբերական ենթակառուցվածքներ է զարգացնում ԼՂՀ-ն։

ԼՂՀ-ում ստեղծվել է անհրաժեշտ արդյունաբերական ենթակառուցվածք՝ հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական սահմանափակումները։ Ինչպես նշվեց, Արցախում ստեղծվել է հուսալի եւ ինքնաբավ էներգետիկ համակարգ։ Շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները։ Այսօրվա դրությամբ գազիֆիկացված է տնտեսությունների մոտ 70 տոկոսը։ Հեռահաղորդակցման ոլորտում կարելի է նշել մատուցվող ծառայությունների լայն սպեկտրը, այդ թվում՝ գերարագ ինտերնետը։ Մշտապես աշխատանքներ են տարվում ճանապարհային շինարարության ոլորտում։ Առանցքային ճանապարհային մայրուղիները վերականգնվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Շարունակվող պատերազմական իրավիճակը որքանո՞վ է բարդացնում տնտեսության զարգացումը։

Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսական համակարգը ձեւավորված է։ Ներտնտեսական գործընթացները նորմալ են ընթանում։ Ընդ որում, իհարկե հանրապետությունը չճանաչելու փաստը իր բացասական հետեւանքներն է ունենում արտասահմանյան կապիտալ ներգրավելու հարցում։ Իրավաբանական բնույթի խոչընդոտներ են լինում նաեւ արտաքին առեւտրի ոլորտում։ Նման խնդիրների լուծման համար իշխանությունները տնտեսվարող սուբյեկտներին՝ արտահանողներին աջակցություն են ցուցաբերում։ Այստեղ պետք է նշել նաեւ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների եւ ՀԿ-ների աջակցությունը։

Կա՞ն ոլորտներ, որոնք կարող են հրապուրիչ եւ հեռանկարային լինել, բայց որոնք դեռ չեն զարգանում։

Չիրացված ներուժ է մնում ագրոարդյունաբերական ոլորտներում, որոնց զարգացման համար ներկայումս ուսումնասիրվում են մի շարք հետաքրքիր ներդրումային ծրագրեր, մասնավորապես բամբակագործության եւ դրա հիմքի վրա տեքստիլ արդյունաբերության ստեղծման նախագիծը։

Տեսանելի հեռանկարներ կան ՏՏ ոլորտում, որը կառավարությունը ճանաչել է որպես գերակա ուղղություն։ Այդ ոլորտի նկատմամաբ հիմա կոնկրետ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք հայկական եւ միջազգային ընկերություններ։

Ընդհանուր առմամբ մենք ԼՂՀ ռազմավարական զարգացման հեռանկարները տեսնում ենք մեր բարձրագույն կրթության համակարգի կատարելագործման, տնտեսության ոլորտում նորարարության միջոցով գիտելիքի տնտեսություն ստեղծելու մեջ, որի արդյունքը կլինի զբաղվածության նոր սեկտորների առաջացումը։