Հայաստանում բանկային վարկերի տոկոսադրույքները զգալիորեն բարձրացել են։ Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ օրինակ բերելով իր անձնական փորձից։
«Ես հիփոթեք ունեմ։ Նախկինում բանկային վարկերի տոկոսադրույքները կազմում էին 11,5%, իսկ հիմա բարձրացել ու հասել են 13%-ի։ Հիմա էլ Կենտրոնական բանկի նախագահն ասում է. «Ժողովո՛ւրդ, շտապեք, կարծես թե փողը շուտով թանկանալու է»։ Այնպիսի տպավորություն է, կարծես հենց ԿԲ ղեկավարն է խուճապ հրահրում»,- ասաց Աբրահամյանը։
Նա նաև կոչ արեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին ընդունել այն փաստը, որ իրենք դպրոցներ են փակում։
«Այո՛, շուրջ 230 դպրոց է փակվում»,- ընդգծել է պատգամավորը։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարի գնահատմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր վարած քաղաքականությամբ, ըստ էության, հայ ժողովրդին դատապարտում է չքավորության։




























