Տիգրանի մահից հետո Դիարբեքիրում օրակարգ եկած հայկական գերեզմանոցը սկսվել է վերականգնվել Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։ Այս մասին հայտնում է թուրքական «Hurhaber» կայքէջը։
Դիարբեքիրի այն գերեզմանատունը, որտեղ ցանկություն էր հայտնել թաղվել վերջերս մահացած քրդական շրջանակներում մեծ համբավ վայելող հայազգի երգիչ Արամ Տիգրանը, որին սակայն թուրքական իշխանությունները թույլ չտվեցին թաղել Դիարբեքիրում՝ պատճառաբանելով, որ նա Թուրքիայի քաղաքացի չէ, սկսել է վերականգնվել Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։ Երկար տարիներ անուշադրության մատնված հայկական գերեզմանատան շրջակայքը մաքրվել է եւ անցկացվել է լուսավորման համակարգ։ Վերանորուգվում է նաեւ գերեզմանատան մուտքի մոտի քարե շինությունը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նեդիմ Յաշլըն հայտնել է, որ այսուհետ իրենց քրիստոնյա քաղաքացիների համար առանձին տեղ կհատկացվի։ Այսինքն սրանից հետո հայերը եւ ասորիները կօգտագործեն այս գերեզմանատունը։
Քաղաքապետարանը գերեզմանատան տարածքում տնկել է 250 ծառ եւ 500 ծաղիկ։ Իսկ գերեզմանատան անվտանգությունը կապահովի անվտանգության աշխատակիցը։ Նշանակվել է նաեւ գերեզմանատունը հետեւող ծառայող։



















