Ֆլորիդայում բողոքական եկեղեցու քահանա Թերրի Ջոնսը չի պատրաստվում ականջալուր լինել հանրային կարծիքին եւ խոստանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի օրը Ղուրան  այրելու ակցիա իրականացնել: «Մենք մտադիր ենք հենց այդպես էլ անել»,- ասել է Ջոնսը:

Քահանայի վճռականության վրա չեն ազդել դաշնային իշխանությունների, կրոնական գործիչների եւ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները: Ակցիայի իրականացումը սպառնում է դիմակայության հանգեցնել տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջեւ, նաեւ բռնությունների ալիք առաջացնել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Քահանան կարծում է, որ Ղուրանի հրապարակային այրումը նախազգուշացում կլինի իսլամի տարածման ծանր հետեւանքների մասին:

Կանադայի պաշտպանության նախարար Պիտեր ՄքՔեյը Ջոնսի մտադրությունը ազատության արտահայտման սադրիչ արտահայտություն է համարել: Նա մտավախություն է հայտնել, որ Ղուրանի այրումը բռնությունների կհանգեցնի Աֆղանստանում:

Քահանան մտադիր է Ղուրանն այրել սեպտեմբերի 11-ին: Նրա մտադրությանը դեմ են արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Դեվիդ Պետրեուսը եւ այլք: