Ռոստովի մարզում երեկ Հայաստանի մի քաղաքացի է ձերբակալվել՝ սպանության մեղադրանքով: Ստավրոպոլի հեռուստատեսության փոխանցմամբ՝ ձերբակալվածը 54-ամյա հայ տղամարդ է, որին կասկածում են երկու հոգու սպանության եւ եւս երկուսի դեմ մահափորձ կազմակերպելու, ինչպես նաեւ Սալսկ քաղաքում առանձնատան հրդեհման մեջ։

Ըստ հետաքննության տվյալների՝ սպանությունները կատարվել են Սալսկի առանձնատանը։ Կասկածյալը վեճի է բռնկվել ներկաներից մեկի հետ եւ դանակահարել նրան՝ հասցնելով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Այնուհետեւ հայ տղամարդը, ցանկանալով կոծկել կատարված հանցագործության հետքերը, հրդեհել է առանձնատունը։

Տուժածներից մեկին հաջողվել է դուրս պրծնել առանձնատնից եւ կատարված հանցագործության մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է այրվող տնից դուրս բերել եւս մեկ տուժածի, ում այնուհետեւ տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: