«Հայկական ժամանակ» պարբերականին հայտնի է  դարձել, որ սեպտեմբերի 5-ի լուսաբացին դիմակավորված եւ մահակներով զինված մի խումբ անձինք հարձակում են գործել «Սթար» սուպերմարկետների երկու մասնաճյուղերի վրա: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք կոտրել են խանութների ապակե դռները, ներխուժել խանութ եւ այնտեղից դուրս բերել տարադրամի փոխանակման կետերի չհրկիզվող պահարանները, ինչպես նաեւ՝ մի մասնաճյուղից` երկու շիշ վիսկի, մյուս մասնաճյուղից` մի քանի շիշ թանկարժեք կոնյակ:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից այս տեղեկությունները հաստատել են եւ հայտնել, որ խումբը հարձակում է գործել Երեւանի Ավան եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող մասնաճյուղերի վրա: Առաջին հարձակումը տեղի է ունեցել ժամը 6.30-ի, երկրորդը` 7.15-ի սահմաններում:

Հավանաբար գործել է նույն խումբը, քանի որ նկատվում է նույն ձեռագիրը: Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողություն ): Տեղի ունեցածի հետ կապված` «Սթար» սուպերմարկետների ցանցի ղեկավարությունից երեկ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: