ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանն ու իրավական հարցերով խորհրդական Արփի Հովհաննիսյանը օգօստոսի 24-ին հրավիրել Էին լրագրողներին ԱԺ՝ բացատրելու, որ անհիմն են հայտարարությունները, թե ԱԺ հավատարմագրման նոր կարգը սահմանափակումներ է մտցնում խորհրդարանի աշխատանքը լուսաբանողների համար:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ստորագրությամբ նոր կարգ է հրապարակվել, որի 21-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է. ""Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն ԱԺ նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է հասարակայնության հետ կապերի վարչությունը": Ի դեպ, նախկինում նման սահմանափակում չկար, եւ լրագրողները հնարավորություն ունեին ոչ թե 3 շաբաթը մեկ, այլ միշտ այցելել ԱԺ եւ լուսաբանել Ազգային ժողովի գործունեությունը:
Արփի Հովհաննիսյանը նշեց, թե նման կարգ կիրառվում է եվրոպական երկրներում, ավելին, որոշ խորհրդարաններում լրագրողներին մամուլի սրահից այն կողմ չեն թողնում: «Միգուցե միանգամից անցնեիք այդ տարբերակին» լրագրողների դիտարկումը մնաց անպատասխան:
NEWS.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ԱԺ նախորդ նախագահների օրոք լրագրողների իրավունքները չէին սահմանափակում, իսկ Հովիկ Աբրահամյանի օրոք՝ սահմանափակում են, մամուլի քարտուղարը արձագանքեց. «Եթե հարցեր ծագեն, մենք լուծում կտանք: Որեւէ լուրջ փոփոխություն ես չեմ տեսնում»: Մամուլի խոսնակը կոնկրետ փաստ խնդրեց մատնանշել, իսկ երբ մատնանշեցինք նոր կարգի 21-րդ հոդվածը, նկատեց. «Խոսքը նրա մասին է, որ լրագրողները չպետք է ամբողջ ժամանակ շրջեն Ազգային ժողովում»:
Ի դեպ, լրագրողները նշեցին, որ այս փաստաթղթի նախնական տարբերակում անգամ նշված է եղել, որ "եթե լրատվամիջոցը հրաժարվի հերքում տպագրել, զրկվում է հավատարմագրից: «Կարգը հստակ սահմանում է ամեն ինչ: Դուք հղում եք անում մի թղթի, որի մասին քննարկումն անտեղի է»,- արձագանքեց Պետրոսյանը: Վերջինս «կապրիզ» որակեց լրագրողների դժգոհությունը նոր կարգից: «Իսկ „կապրիզ“ չէ արդյո՞ք ԱԺ ղեկավարության վերաբերմունքը լրագրողների դիտարկմանը», պատասխանեց կտրուկ՝ ոչ:



















