Երեւանի բնակչուհի Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել հանգուցյալ եղբոր կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսին Գ.Խաչատրյանն էլեկտրաէներգիայի առանձին հաշվիչ տեղադրելու հարցի պարզաբանման շուրջ վիճաբանել է հանգուցյալ եղբոր կնոջ՝ իր հետ նույն բնակարանում ապրող Գ.Դավթյանի հետ, որի ընթացքում փայտով 2 անգամ հարվածել է վերջինի աջ այտին, այնուհետեւ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ Գ.Դավթյանի առողջությանը պատճառել թեթեւ, վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Գործը քննում է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ:

Գ.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: