Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 20-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, մեկն արգելափակված է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի 34 ZM 257 համարանիշի (վարորդ ՝ Վ. Ա. 1997 թ. ծնվ.) եւ «Մելնիցա» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի 34 VF 762 համարանիշի (վարորդ ՝ Հ. Ա. 1960 թ. ծնվ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Հրշեջ-փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 24-ամյա Գ. Մ.-ին դուրս են բերել արգելափակումից. տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են՝ ծանր կայուն, իսկ Հ. Ա.-ինը՝ միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները:





























