ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա կալանավորված, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի փաստաբանը գրավի միջնորդություն է ներկայացրել:
«Վերաքննիչը մերժեց մեր բողոքը: Այդ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել, որ գրավի դիմաց ազատ արձակվի, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ անթույլատրելի է նրան կալանավայրում պահելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի որոշում էր կայացրել մեղադրանք առաջադրել Զավեն Միրիջանյանին, իսկ խափանման միջոց էլ ընտրել էր կալանավորումը: Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:



























