Արագածոտնի մարզում սեպտեմբերի 1-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.amը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Զաքար Սահակյանը դեպքի օրը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում եւ վարել է Ս.Գեւոնյանին պատկանող ավտոմեքենա: Սահակյանը 15-ամյա դստեր հետ երթեւեկել է Արագած-Ծաղկաշեն միջհամայնքային ավտոճանապարհով, թույլ է ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել երթեւեկելի մասի սահմաններից, վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով դուստրը մահացել է:
Զաքար Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Ժամը 23:30-ի սահմանում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Ապարանի, ապա Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:



























