Հայաստանում ընդդիմություն է համարվում այն քաղաքական ուժը, որն ամենաշատն է հայհոյում իշխանությանը եւ բացառում համագործակցության ցանկացած եզր իշխանության հետ: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին Հայաստանում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների վերաբերյալ իր մտորումները հայտնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Ըստ նրա՝ մեզանում այդ հարաբերությունները սահմանափակված են բացառապես իրար ոչնչացնելու խնդիր դնելով։ Մինչդեռ, ըստ փորձագետի, քաղաքական ընդդիմության գոյության իրական իմաստը քաղաքական իշխանության հանդեպ վերահսկողություն իրականացնելն ու դրան հակակշիռ ու այլընտրանք դառնալը։ Բացի այդ, ըստ Թովմասյանի, ցածր է նաեւ նրանց հարաբերությունների քաղաքական մշակույթը։
«Ցավոք սրտի, երբ հետադարձ հայացք ես գցում եւ փորձում ես տեսնել, թե, արդյոք, մեզանում եղե՞լ է որեւէ դեպք, երբ քաղաքական բանավեճի արդյունքում հնարավոր է եղել հասնել կոմպրոմիսի կամ ինչ–որ լուծումներ գտնել, կտեսնեք, որ դրա համար նույնիսկ ձեռքերի մատները շատ են թվում, որպեսզի այդ դեպքերը կարողանաս հիշել։ Մնացած դեպքերում քաղաքական բանավեճի նպատակը միմյանց վիրավորելն է, միմյանց կոպտելն է, միմյանց ծաղրելն է, բայց ոչ երբեք որոշակի լուծումներ գտնելը»,- հայտարարեց փորձագետը։ Նա նշեց, որ ավանդույթ է դարձել երկրի գործունեության անցած տարիները գնահատելիս միշտ մեղադրել իշխանությանը: «Մինչդեռ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը, որպեսզի երկրում ինչ-որ բան փոխվի»,-նկատեց փորձագետը:
Սահմանադրագետը նշեց նաեւ, որ պետք է լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեին քաղաքական ընդդիմության գործունեությունը, որի գլխավոր նպատակը ծառացած խնդիրներին քաղաքական բանավեճի միջոցով լուծումներ տալն է: Թովմասյանը շեշտեց, որ այդ նպատակով նախկինում մի շարք առաջարկներ են արվել, որոնց մի մասի իրագործման համար անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ իրականացնել: «Ասենք, պառլամենտում ներկայացված ընդդիմությանը իրավունք վերապահել՝ դիմելու Սահմանադրական դատարան, որը զսպումների, հակակշիռների կարեւոր մեխանիզմ կլիներ: Որովհետեւ, կան մի շարք օրենքներ, որոնք ակնառու է, որ հակասում են Սահմանադրությանը, սակայն քաղաքական ընդդիմությունը չունի ռեսուրս՝ դա իրականացնելու համար»,-նշեց նա: Երկրորդ առաջարկը, ըստ փորձագետի, ընդդիմությանը ԱԺ քննիչ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու հնարավորություն տալն է:





























