Հայաստանում ակումբային մշակույթը ծնվել է 15-20 տարի առաջ, բայց ի ծնե հիվանդ է եղել՝ չնայած որ կենաց-մահու կռիվ է տալիս, ողջ մնալու հույս ունի, պայքարում է, չնայած գիտի, որ մի օր մեռնելու է, ասում է Երեւանի ակումբային կյանքը լավ ճանաչող դիջեյը, որն արդեն ութ տարի աշխատում է տարբեր ակումբներում։

«Հայաստանում ակումբային մշակույթ գոյություն ունի, բայց քաղցկեղով հիվանդի նման դատապարտված է մահվան։ Հիվանդ է ծնվել, որովհետեւ մինչեւ ծնվելը մի շարք գործոններ ազդել են պտղի վրա, մեր դեպքում՝ երկրի սոցիալական վիճակն ու ինֆորմացիայի պակասն է ազդեցություն ունեցել ակումբային կյանքի թերզարգացվածության վրա»,-ասում է The Monolog-ը։

Monolog-ի խոսքով՝ ակումբային մշակույթի գլխավոր թերությունն այն է, որ մեզ մոտ զարգացած չէ DJ-ական ոլորտը։ Իհարկե, ունենք  DJ-ների ասոցիացիա, որն ըստ էության, գրեթե ոչինչ չի անում։

«Ինչ-որ բաներ փորձում են անել, բայց եթե ընդհանրացնենք, դա ոչ մի բան է, մեծ օվկիանոսի մեջ մի կաթիլ էլ չի»։

Հայաստանում DJ-ները մասնագիտացված չեն, չկա մի DJ, որը կասի, որ ինքը վկայական ունի, ինչը, ըստ Monolog-ի, ոլորտի եւ ոլորտը կարգավորողների գերխնդիրներից է։

«Ես դա իմ, իմ ընկերների եւ թիմի վրա էլ եմ վերցնում։ Ստացվում է այնպես, որ մենք բոլորս ինքնակոչ ենք, մենք ինքներս մեզ DJ-ներ ենք համարում։ Իհարկե, ոլորտում կան DJ-ներ, որոնք ստացել են երաժշտական կրթություն, կան նաեւ շատ լավ մասնագետներ, ես չեմ փորձում ինչ-որ մեկին վիրավորել, ուղղակի ոլորտը սերտիֆիկացված չէ, ինչը նաեւ խանգարում է DJ-ներին պայամանագրեր կնքել այս կամ այն ակումբի հետ»,-ասում է DJ-ը, որը վերջին տարիներին հանդես է գալիս տեխնո ոճում։

Ակումբները, ըստ նրա, համալրված չեն ակումբային տարրական տեխնիկայով, մասնագետներով եւ անվտանգության բարձրակարգ աշխատակիցներով։  

«Հայաստանում գոյություն չունի ակումբ, որը 20 տոկոսով մոտ է ակումբ հասկացողությանը։   DJ-ը ստիպված է ամեն ինչ վերցնել իր վրա, նա եւ DJ է, եւ պրոմոտեր, եւ խադավիկ, եւ էլեկտրիկ, եւ զվուկավիկ եւ բանվոր, իսկ ակումբը պետք է ունենա այս մասնագետները։ DJ-ը պետք է գնա ակումբ, նվագի ու դուրս գա։ Անվտանգության մասին էլ չխոսեմ, անվտանգության աշխատակիցները ծախվածներ են, ծանոթներից մեկը դանակով մյուսին խփի, աչք կփակեն»,-ասում է Monolog-ը։

Երիտասարդը Հայաստանի ակումբները համարում է «մահացած չորս պատ», որտեղ սահմանափակ քանակությամբ եւ որակի տեխնիկա է դրված, որտեղ հավաքվում են ինչ-որ մարդիկ, որոնք ընդօրինակում են արեւմտյան ակումբային մշակույթի միայն կործանիչ գծերը՝ ոգելից խմիչք, թմրանյութեր, «աղջիկ կպցնել», իսկ բարձրորակ էլեկտրոնային երաժշտությունը եւ ձայնային համակարգը երեւանյան ակումբներում գրեթե բացակայում են։

Monolog-ը վստահ է՝ սնկի պես աճող DJ-ները չեն փրկելու ակումբային մշակույթը, սակայն դրական է գնահատում, որ նոր անուններ են ի հայտ գալիս՝ միայն առաջ է քաշում որակի եւ քանակի հակադրության խնդիրը։

«Մեր երկրում 70, 80, 100 DJ-ներ կան եւ ամեն օր ինչ-որ նոր անուններ են ավելանում։ Իհարկե, լավ է, որ DJ-ները օր օրի շատանում են, բայց այստեղ որակի հարց է ծագում։ Ես շատ ուրախ կլինեմ, որ զարգացած եւ որակով ինդուստրիա ու մրցակցություն լինեն, իսկ մեզ մոտ՝ Երեւանում, միշտ հակառակն է լինում։ Մարդիկ մոռանում են, որ սա շատ դաժան ու հետաքրքիր ինդուստրիալ եւ միաժամանակ ոչ ինդուստրիալ ոլորտ է, որտեղ երկարատեւ, քրտնաջան աշխատանք է պետք» ,-ասում է նա։

DJ-ը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ կա ակումբային մշակույթը զարգացնելու համար, սակայն ոլորտում հեղափոխություն անել ցանկացողների ճանապարհները փակ են, իսկ խոշոր ներդրողները պարզապես «փող են լվանում»՝ չկարեւորելով երեկույթի կազմակերպվածության մակարդակը։

«Հեշտ է Հայաստանում ներդրողներին խաբել, որովհետե 80-90 տոկոսը, իմ սուբյեկտիվ կարծիքն է, թող ամենեւին չնեղանան ինձնից, տեղյակ չեն երաժշտությունից, նրանք ուղղակի չտես են ու անճաշակ, էլեկտրոնային երաժշտությունից գաղափար չունեն։ Ահռելի գումարներ են ներդնում մեծ երեկույթների մեջ եւ նրանց հետաքրքրի չի՝ այն ինչպես կանցնի, շարունակություն կունենա, թե ոչ։ Ներդրողի առաջնահերթ խնդիրն իր փողերը լվանալը է, իսկ  կազմակերպիչները գնում են ներդրողի մոտ՝ իմանալով, որ էդ մարդու փող լվանալու ժամանակը եկել է»,-ասում է նա։

 Monolog-ի կարծիքով՝ հովանավորները՝ «հարուստ ձյաձյաները», վստահաբար կարող են ակումբային մշակույթում շրջադարձային փոփոխություն մտցնել, սակայն շատ պրոֆեսիոնալ   DJ-ներ նրանց չեն դիմում՝ իմանալով նրանց «նախընտրությունները»։

Փոխարենը տաղանդավոր DJ-ները նախընտրում են երկրից դուրս գալու եւ արտերկրում գործունեություն ծավալելու ճանապարհներ փնտրել, քանի որ չնչին գումարների դիմաց աշխատելու պատճառով երկընտրանքի առաջ են կանգնում՝ ընտանի՞ք, թե՞ դիջեյինգ։ Իսկ շատերը, որոնք չեն հեռանում երկրից, հիասթափվում են եւ «անհարգալից» են վերաբերվում եւ իրենց աշխատանքին, եւ ակումբ հաճախողներին։

Ռազմիկ Մախսուդյանը այն երիտասարդ DJ-ներից է, որը գումար վաստակելու համար ստիպված է եղել լքել Հայաստանը, այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում եւ ամեն ուրբաթ նվագում է տեղի ամենահայտնի ակումբներից մեկում։

«Երեւանում գործ չկար, հազարից մեկ էր լինում, որ իմ ուզածը նվագեի, նենց տեխնո էի նվագում, բոլորը գնում էին, իսկ այստեղ ճիշտ է` մեծ գումարներ չեմ ստանում, բայց ավելի շատ եմ նվագում ու իմ ուզածն եմ նվագում»,-ասում է Ռազմիկը։

Ռազմիկը եւս դժգոհ է երեւանյան ակումբային կյանքից, մարդկանց 90 տոկոսը ակումբ է գնում «խմելու, ուռելու, մեկին կապելու համար»։

Երիտասարդը շատ է ցանկանում Երեւան վերադառնալ, բայց ասում է. «Որ գամ, ինձ ո՞վ է պահելու»։