Երեւանի քաղաքապետարանում քիչ առաջ քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի կողմից` սեպտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը: Քաղաքապետարանը կրկին ի գիտություն չընդունեց ՀԱԿ-ի իրազեկումը՝ առաջարկելով սեպտեմբերի 24-ի հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: Քաղաքապետարանն իր որոշումը հիմնավորեց, հայտարարելով, որ սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում այլ միջոցառում է նախատեսված անցկացնել եւ այդ մասին իրազեկումն ավելի վաղ է ստացվել: Քննարկման ժամանակ, որին Կոնգրեսից ներկա էր Տիգրան Առաքելյանը, թեժ բանավեճ ծավալվեց քաղաքապետարանի աշխատակիցների եւ ընդդիմության ներկայացուցչի միջեւ: Տիգրան Առաքելյանը մի քանի անգամ ընթերցեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին օրենքի 13-րդ հոդվածի պահանջը, ըստ որի, զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է միայն այն դեպքերում, եթե «նշված օրը, ժամին եւ նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը»:
Քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը, սակայն, անդրդվելի մնաց, պնդելով, որ իրազոկումն ի գիտություն չընդունելը հիմնավորված է օրենքով: Տիգրան Առաքելյանը հայտարարեց, թե քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ վիճելն անիմաստ է, եւ հարցը պետք է փորձել լուծել դատական կարգով:
Նշենք, որ քաղաքապետարանը ի գիտություն չի ընդունել նաեւ ՀԱԿ անդամ ՀՀՇ-ի կողմից Ազատության հրապարակում սեպտեմբերի 17-ին հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումը: Քաղաքապետարանի որոշումը ՀԱԿ-ը բողոքարկել է Վարչական դատարանում, սակայն այն մերժել է հայցը:
Ի դեպ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին ՀԱԿ-ը կրկին իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան՝ սեպտեմբերի 28-ին կրկին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Իրազեկման քննարկումը տեղի կունենա վաղը:




























