Դեկտեմբերի 18–ի գիշերը հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված Ռուբեն Ալեքսանյանի երկվորյակ եղբորը 10 օրով են արձակուրդ տվել` եղբոր հուղարկավորությանն ու մյուս արարողություններին մասնակցելու համար։ Դեկտեմբերի 29–ին Գարեգին Ալեքսանյանը կվերադառնա ծառայության։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց նրանց մյուս եղբայրը` Հարություն Ալեքսանյանը։
Վերջինի խոսքով` երկվորյակ եղբայրները նույն զորամասի տարբեր վաշտերում են ծառայել, Գարեգինը դեպքի ժամանակ զորամասում է եղել, որտեղ էլ նրան տեղեկացրել են ողբերգության մասին։ Նույն օրը Գարեգինին 10–օրյա արձակուրդ են տվել, բայց ոչ ավելի։ Ռուբենին կորցնելուց հետո ծնողների համար շատ դժվար է Գարեգինին ծառայության ճանապարհելը։
«Չգիտենք` ինչ սրտով ենք ճանապարհելու։ Բայց հասկանում ենք, որ պիտի գնա, ծառայի։ Դեռ մի տարի կա»,– ասաց եղբայրը։
Հարությունը պատմեց, որ Ռուբենն ընկերուհի ուներ, զորացրվելուց հետո պատրաստվում էր ամուսնանալ։ Նրանց ընտանիքը ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ծնողները ստիպված Ռուսաստան են գնում արտագնա աշխատանքով ընտանիքի օրվա հացը վաստակելու։ Դեպքի ժամանակ նրանք նույնպես Ռուսաստանում էին, հաջորդ օրը վերադարձել էին Հայաստան։ Ռուբենին հողին են հանձնել զինվորական կարգով այսօր` Լոռու մարզի նրա հայրենի Կաթնառատ գյուղի գերեզմանատը։
Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբենի հորեղբայրը 1994 թվականին զոհվել է Արցախում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.): Մեր տեղեկություններով` չորս զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ։
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առիթով։



























