ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի տնից ԱԱԾ-ն երկու որսորդական հրացան է հայտնաբերել, մեկ ատրճանակ, որը սպարապետ Վազգեն Սարգսյանն էր նվիրել նրան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:
«Բոլոր հրացաններն էլ ունեն փաստաթղթեր։ Նրան ձերբակալել են հենց տանը։ Ընտանիքի անդամներն էլ են զարմացած, չեն հասկանում` ինչ է կատարվում»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` Շիրխանյանը ճանաչում է հանցավոր խմբի անդամներից մի քանիսին, մասնավորապես, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին, որի հետ ծանոթացել է գործի բերումով, Ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների ժամանակ, նաեւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Անտոն Թութունջյանին, քանի որ ինքն էլ կաթոլիկ եկեղեցու հետեւորդ է։
Ըստ փաստաբանի` Շիրխանյանը ընդունում է, որ ճանաչում է նրանց, բայց առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
«Եթե նա մեղավոր լիներ, Հայաստանից կգնար այն ժամանակ, երբ նոյեմբերի 25–ին ձերբակալվեցին 9 անձինք»,– ասաց փաստաբանը։
70–ամյա Շիրխանյանը, ըստ նրա, առողջական խնդիրներ ունի, այս հիմքով ներկայացրած իրենց միջնորդությունը` փոխել խափանման միջոցը, դատարանը, սակայն, մերժել է։
Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով։ Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Ընդհանուր կալանավորվածների թիվը պաշտոնական տվյալով` 22 է:



























