Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի ծնողները զավակի են սպասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մայրը` Սոֆյա Աղաբեկյանը:
Ծնողներն արդեն գիտեն երեխայի սեռը` տղա: Նա երեք ամսից լույս աշխարհ կգա:
Նշենք, որ 4-ամյա Կարինեն ծնողների միակ զավակն էր: Նրա մահվան մեջ ծնողները մեղադրում են «Արմավիր» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանին, որը երեխայի մահվան առնչությամբ քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։
Դատաքննությունը սկսվել է։ Այսօր դատական առաջին նիստին, բժշկուհին հայտարարեց, որ ինքն անմեղ է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Ըստ նախաքննական մարմնի՝ երեխան այնպիսի վիճակում է եղել հիվանդանոց ընդունվելիս, որ նրան պետք էր անմիջապես տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, ինչի դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը:
Բժշկուհին հեռացվել է աշխատանքից: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:
Ջրաշենցի երեխայի ծնողները չեն հավատում մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա մահացել է տոքսիկ շոկից: Ըստ երեխայի տատիկի, որը մահվան պահին ու դրանից առաջ երեխայի կողքին էր եղել, փոքրիկին մահվանից մոտ տասը րոպե առաջ բժշկուհու հսկողությամբ ստամոքսի լվացում են արել, սակայն օրգանիզմից ջուրը դուրս չէր եկել: Հարազատները ենթադրում են, որ ջուրը երեխայի թոքերն է լցվել ստամոքսի փոխարեն, ինչի հետեւանքով էլ նա մահացել է: Բժշկուհին հերքում է այս մեղադրանքը:



























