Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18–ի գիշերը պատպանական մարտի ժամանակ զոհված Սիդար Ալոյանի պապը` 66–ամյա Միրո Ալոյանը, մեկ օրից պետք է վիրահատության ենթարկվեր Գերմանիայում։ Նա վերադարձել է Գերմանիայից` թոռան հուղարկավորությանը ներկա լինելու եւ ծանր պահին ընտանիքի կողքին լինելու  համար։

NEWS.am–ի հետ զրույցում Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը պատմեց, որ Սիդարը պապիկի ամենասիրելի` ավագ թոռնիկն էր։ Նրա հետ թե պապը, թե ծնողները մեծ հույսեր էին կապում։ Նրա կորստի հետ չհամակերպվող պապին մխիթարում է միայն այն, որ որդին զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

«Պապը անընդհատ նույն բանն է ասում. տղես հերոսաբար է զոհվել»,– պատմեց գյուղապետը` նշելով որ Սիդարի մահը սգում է ամբողջ գյուղը։

Սիդարը տան ավագ որդին էր, իրենից փոքր երեք եղբայր ուներ։ Սիդար Ալոյանը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային առաջնության: Նա դեպքից ժամեր առաջ խոսել էր հոր հետ, ասել, որ հրաշքով է փրկվել. հակառակորդի գնդակից սաղավարտը գլխից ընկել է, բայց վիրավորում չի ստացել: Սիդարի կհուղարկավորեն այսօր` նրա հայրենի գյուղի` Ալագյազի գերեզմանատանը։