Մասիս քաղաքում սեպտեմբերի 16-ին իրեն եւ 4-ամյա դստերը սնդիկի օքսիդով թունավորած 35–ամյա Շուշանիկ Թ.-ի գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շուշանիկ Թ.-ն սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իր ննջասենյակում ապօրինաբար իր դստերը կյանքից զրկելու նպատակով ներարկիչի միջոցով խմացրել է սնդիկի հիդրօքսիդ, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ տանը գտնվող նրա ընտանիքի անդամները վերջինիս տեղափոխել են «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ը:
Շուշանիկ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ): Նա գտնվում է հոգեբուժարանում:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:
Սնդիկի օքսիդից այրվել էր 4-ամյա աղջնակի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը:




























