Եթե բանակցությունները սեղանի շուրջ չեն լինում, ապա առաջին գիծ են տեղափոխվում. այդ իսկ պատճառով որքան շատ լինեն հանդիպումներն, այնքան դրական իրավիճակ կունենանք: Այս մասին Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն՝ անդրադառնալով Բեռնում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:
«Հերթական անգամ ապացուցվեց, որ անպտուղ հանդիպում էր, այն իմաստով, որ թեեւ հայտարարում են, թե ինչ լավ է, որ նախագահները համաձայնել են շարունակել աշխատանքները սահմանի միջադեպերը քննելու վերաբերյալ, սակայն բոլորը պարզ գիտեն՝ ինչ մեխանիզմներ պիտի գործի դնեն, որի վերաբերյալ եւ ԼՂՀ-ն, եւ Հայաստանը միշտ պատրաստակամություն են հայտնել»,-ասաց Պողոսյանը:
Ըստ պատգամավորի՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ անհուսալի վիճակի նկարագրություն կար:
«Քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում իր վարքագիծը փոխել, եւ այստեղ մենք պետք է հասկանանք, որ մեր բանակը այնքան հզոր պետք է լինի ու ճիշտ դաստիարակություն վարի, որ նույն Ադրբեջանը հասկանա, որ ռազմական միջոցներով խնդիր չեն կարող լուծել: Բանակցությունների խնդիրը պետք է հիմք լինի Մինսկի խմբի համանախագահների համար, որ այլեւս ժամանակ չկա կողմերի միջեւ հավասարության նշան դնելու, հայտարարությունները պետք է լինեն հասցեագրված: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ երեկ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը»։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի վարքագծի շարունակականությունը պետք է ստիպի ուշադրությունը սեւեռել խնդրի լուծման երկու ուղղության վրա, որը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում: «Պետք է մի բան գիտակցենք՝ Ադրբեջանի վարքագծի չփոփոխվելու դեպքում խնդրի լուծման երկու ուղղություն կա: Մենք պետք է մեր տնտեսությունը հզորացնենք, որ մեր բանակը միշտ լինի հզոր, եւ երկրորդը խնդիրը՝ մեր ժողովրդավարական ինստիտուտների խնդիրը պետք է այնպես տանենք, որ հասկանանք՝ դա է մեր գլխավոր ուժը, որով մենք կարող ենք միջազգային հանրության ուշադրությանը հրավիրել խնդրի վրա: Ցավոք, երկու ուղղության մեջ էլ մենք կաղում ենք: Եթե չզբաղվենք այս լուծումներով, կունենանք ավելի բարդ իրավիճակ»,-ընդգծել է պատգամավորը։




























