Գերմանիայում այս պահին մոտավորապես տասնյակ փախստականներ կան, որոնք երկիր են եկել սիրիական կեղծ անձնագրերով: Նրանք այդ անձնագրերը ձեռք են բերել այն նույն մարդկանցից, որոնք փաստաթղթեր էին վաճառել փարիզյան ահաբեկիչներին, հայտնել է Bild թերթը:

Պարբերականը, վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները, նշում է, որ գերմանական անվտանգության ծառայությունները գիտեն դրանց գոյության մասին, բայց տեղեկություններ չունեն, թե այս պահին որտեղ են գտնվում այդ անձնագրերի տերերը, քանի որ նրանք արդեն լքել են միգրացիոն կենտրոնները: Որոնումները բարդանում են նաեւ այն հանգամանքով, որ Գերմանիա մտնելիս նրանցից մատնահետքեր չեն վերցրել, գրում է տաբլոիդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրիական փաստաթղթերի վաճառքով «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման զինյալներն են զբաղվում: Նրանք կարողացել են մուտք գործել Սիրիայում իրենց ենթակայության տակ գտնվող տարածքների վարչական շենքեր, որտեղ էլ հենց հայտնաբերել են անձնագրերի դատարկ բլանկներ, որտեղ հատուկ սարքավորման միջոցով կարելի է լուսանկար սոսնձել ու այլ տվյալներ մուտքագրել: Սեւ շուկայում նման սիրիական անձնագրի արժեքը 1000-1500 դոլար է: