Որեւէ մեկը որեւէ մեկին չի խնդրել խախտումներ թույլ տալ ու պատժվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով հանրաքվեի ժամանակ բացահայտված խախտումներին։
«Ընտրությունները, հանրաքվեն, զանգվածային գործընթաց են, որը ենթադրում է բազմաթիվ մարդկանց մասնակցություն, դերակատարություն։ Որեւէ մեկը որեւէ մեկին չի խնդրել ինչ որ բան անել, որը քրեորեն հետապնդելի արարք է, օրենքի խախտում է»,-ասաց նա
Ընտրախախտումների վերաբերյալ միջազգային կառույցների, նաեւ ամերկյան կողմի հայտարարություններին անդրադառնալով, Արտակ Զաքարյանն ասաց․ «Եթե ուսումնասիրությունները պարզեն, որ օրենքի խախտումների դեպքեր են եղել, բնականաբար, առանց ամերիկյան կողմի ու Կամբոջայի հորդորների, միջազգային գործնկերոջ խնդրանքի էլ, մեղավորները կպատժվեն։ Բնականաբար, Հայաստանի շահերից է բխում անօրինական գործողություններ թույլ չտալը»։
Նա վստահեցրեց, թե ինքը չգիտի՝ ինչու են հանձնաժողովների որոշ ներկայացուցիչներ «այո»-ի օգտին ընտրախախտումներ թույլ տվել. «Ամենատարբեր պատճառներով կարող են անել։ Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ պատճառով»։
Ինչ վերաբերում է նրան, որ հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիք կատարողներին ՀՀԿ-ն անվանեց «արջի ծառայություն» մատուցողներ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Դրա անհրաժեշտությունն ու կարիքը չկար։ Խնդիրը հասարակության հետ երկխոսելու մեջ էր, որովհետեւ շտաբները մարտավարական ուրիշ ծրագրեր են իրականացնում, եւ խնդիրը հասարակության մեջ էր։ Մենք չէինք էլ ասում, որ Սահամանադրությունը չանցներ, ՀՀԿ-ն, հասարակությունը կործանվելու էին, ոչ։ Հանրապետականը երբեք իշխանամոլ չի եղել: Սահմանադրությունը փոխելն իշխանության մնալու համար չի արվել: Իշխանության համար պայքարը նպատակ չէ, միջոց է»։
Հանրաքվեի ահռելի «ոչ»-ը ըստ պատգամավորի նաեւ այն պատճառով է, որ իրենք չկարողացան ընտրողներին լիարժեք բացատրել այս գործընթացի կարեւորությունը։
«Մենք էլ հրեշտակ չենք, եւ այնպես չէ, որ մեր ձայնը 100 տոկոսով ընդունելի է»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։




























