11-րդ դասարանցի հայ աշակերտին սպանած ադրբեջանցի Մամեդը դպրոց է եկել հարբած վիճակում, «Մոսկովսկի կոմսոմոլեցին» պատմել են սպանվածի ընկերները։
Ինչպես թերթին պատմել են այդ հանցագործության ականատեսները, սպանության օրը Մամեդը դպրոց է եկել հարբած վիճակում, վիճաբանել է բոլորի, այդ թվում՝ Էդիկի հետ, որն էլ նրան պատասխանել է։ Այդ ժամանակ էլ Մամեդն առաջարկել է դասերից հետո հանդիպել եւ ամեն ինչ մինչեւ վերջ պարզել, ասել է 501 դպրոցի աշակերտուհի Կատյան։
Այնտեղ, ուր կռվել են երեխաները, շատ մարդ է եղել։ Ոմանք գոռացել են, աղջիկները՝ լացել։ Սակայն ոչ ոք չի մտածել, որ դա կարող է այդքան տխուր ավարտ ունենալ։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկի խոսքով, երկու տղաներն էլ հենց սկզբից հանել են դանակները, որոնք նրանց ձեռքից վերցրել են նրանցից մեծ երեխաները։ «Սկզբում Մամեդն ու Էդիկը հրում էին իրար։ Հետո սկսեցին հարվածել։ Սկզբում Էդիկը հրեց Մամեդին, եւ նա խփվեց ծառին։ Բայց նա պարտքի տակ չմնաց, Էդիկին տապալեց գետնին եւ նստեց նրա վրա։ Նա բռնեց Էդիկի գլուխը եւ սկսեց բռունցքներով հարվածել։ Էդիկը միանգամից կուչ եկավ, աչքերը կուլ գնացին, եւ նա սկսեց ցնցվել»,- պատմել է ականատես Լյոշան։ Հարեւան տների բնակիչները շտապօգնություն եւ ոստիկանություն են զանգահարել։ Տեղ հասած բժիշկները փորձել են ինչ-որ բան անել, հետո տարել են տղային։
Էդիկի ընկերները հիշում են։ «Նա բարի, խելացի, ուշադիր տղա էր, հետաքրքրվում էր մեքենաներով, միշտ դրանց մասին խոսում։ Դժվար է պատկերացնել՝ ինչպես պետք է դիմանա նրա մայրը։ Չէ՞ որ նա հայր չունի»։
9-րդ դասարանցի Մամեդը 501 դպրոց էր եկել վերջերս։ Նա իրեն միշտ կռվարար է պահել։ Բացի այդ, տղան հաշվառման է կանգնած ոստիկանության մանկական սենյակում։ Պարզվել է, որ Մամեդը ըմբշամարտով է զբաղվել։ Երեխաների խոսքով, երեկ Մամեդին տարել են ոստիկանություն, 5 ժամ պահել եւ չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 14-ամյա Մամեդի հարվածներից Էդիկ Մարկարյանը տեղում մահացել էր։ Սպանվածի համադասարանցիներն ասել են, որ սա Մամեդի եւ նրա միջեւ առաջին վեճը չի եղել։ Էդիկի մոր խոսքով, վիճաբանությունոը սկսվել է փոխնորդ կոշիկի համար, երբ 11-րդ դասարանցին բացատրել է առաջին դասարանցուն, որ ինքը նույն դպրոցում 11 տարի սովորելուց հետո իրավունք ունի քայլել առանց փոխնորդ կոշիկի։ Այդ խոսակցության մեջ խառնվել է Մամեդը եւ հայտարարել, որ ինքն է գլխավորը։ Դրանից հետո էլ սկսել է վիճաբանությունը։





























