«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2012թ. մահացած 2-ամյա Լիա Միսակյանի հայրը դժգոհ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից, որով մերժվել է առաջին ատյանի վճիռը բեկանելու իրենց հայցը։

NEWS.am-ի հետ զրույցում Գեորգի Միսակյանը նշեց, որ Վերաքննիչի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, եթե որեւէ արդյունք չլինի, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Բողոքելու եմ մինչեւ վերջ, իմ երեխուն երեք օր տանջել են, չգիտեմ` ում արյունը կարան խմեն ու մարսեն, բայց իմ երեխու արյունը չեն մարսելու»,- ասաց մահացած 2-ամյա Լիա Միսակյանի հայրը:

Վերաքննիչ բողոքով տուժող կողմը պահանջում էր համաներմամբ պատժից ազատված մանկաբույժ Լիլիթ Վարդանյանին ազատազրկել 3, Զարինե Այվազյանին՝ 3 տարի 6 ամիս ժամկետով՝ առաջին ատյանի դատարանի սահմանած համապատասխանաբար 2 եւ 2,5 տարվա փոխարեն:

Միաժամանակ, վերաքննիչ բողոք էին ներկայացրել «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժների պաշտպանները՝ նրանց արդարացնելու պահանջով: Երկու հայցն էլ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 22-ին մերժել է։

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել էր, եւ աղջնակը մահացել էր: Երեխայի ծնողները վստահ են, որ իրենց երեխանի կենդանի կլիներ, եթե «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանը եւ Զարինե Այվազյանը պատշաճ կատարեին իրենց պարտականությունները։