Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր բանակի միջոցով երկրի հարավ-արեւելքում մի քանի օրում մոտ 100 մարդ է սպանել: Նա ակնհայտորեն պատերազմ է սկսել սեփական ժողովրդի դեմ: Այս մասին գրում է Neues Deutschland պարբերականի հոդվածագիր Ռոլանդ Էթցելը՝ անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցության եւ երկրի ուժային կառույցների միջեւ բախումներին:
«Այս պահին քաղաքականության մեջ չկա մեկը, որին Էրդողանը կլսի: ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շատ լուռ են բողոքում նրա գործողությունների դեմ: Դրանք այն երկրներն են, որոնք այլ դեպքերում շատ բարձր են արտահայտվում մարդու իրավունքների ոտնահարումների մասին:
Էրդողանն արդեն համաձայնել է թուրք-սիրիական սահմանին Արեւմտյան Եվրոպայի փախստականների հոսքի զսպման համար կեղտոտ աշխատանք անել: Այդ պատճառով էլ կարող է հուսալ Թուրքիայի պետական հանցագործությունների դիմաց որպես մրցանակ ստանալ Եվրոպայի լռությունը»,- նշում է հեղինակը:




























