Աշտարակում 3-ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող՝ երեխայի հոր երկրորդ կնոջ՝ Արմինե Խաչատրյանի մոտ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննությամբ թուլամտություն է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած երեխայի հայրը՝ Հակոբ Հարությունյանը:
«Ես գրություն էի ուղարկել քննչականին, պատասխանել են, որ փորձաքննությունն ասել է նաեւ, որ, վաղեմության ժամկետի պատճառով չեն կարող ասել՝ հանցագործությունը կատարելու ժամանակ Արմինեն ինչ վիճակում է գտնվել: Գրել են, որ ներկա վիճակով նա չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ կարիք ունի մեկուսացման, խնամքի ու հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»,- ասաց Հակոբ Հարությունյանը:
Հակոբ Հարությունյանը նշեց, որ Արմինեն այժմ «Նուբարաշեն» դատահոգեբուժական կլինիկայի ընհանուր հսկողության բաժանմունքում է, ինչին ինքը դեմ է ու կարծում է՝ իր կինը այնպիսի հիվանդ չէ, որ նա կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար:
«Այսքան տարի ապրել է, ոչ մեկ իրենից չի բողոքել, ոչ մեկի ոչ մի վատ բան չի արել: Մեր բոլոր իրավապահների համար հիմա եսիմ ինչ է դառել»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ:
Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա մահացել է գլխին հասցված բութ վնասվածքներից:
Երեխային սպանության մեջ մեղադրվում է նրա հոր երկրորդ կինը: 38-ամյա Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 304-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), նա կալանավորված է: Երեխայի հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, այլ հուղարկավորելու ժամանակ նա մոր ձեռքից պատահաբար ընկել է եւ գլխի շրջանում վնասվածք ստացել:
Հակոբյանների ընտանիքում ապրում են մահացած երեխայի մայրը՝ Անժելան, նրա երկու երեխաները, Հակոբի Հարությունյանի երկորդ կինը՝ Արմինեն ու նրա երկու երեխաները: Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ, որոնցից մեկը գիշերօթիկում է սովորում: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը՝ սոցիալապես վատ պայմաններում, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափոր տանը տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:



























