Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջեւան համայնքի վարչական շենքը, որը ներառում է գյուղապետարանը, մանկապարտեզը եւ համայնքի բուժկետը, ապահովվել է  արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգով:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը, համայնքի բնակիչներ:

«Արեւային էներգիայի հիման վրա գործող ջեռուցման ու տաք ջրի համակարգերի ներդրումը սահմանամերձ գյուղերում կարեւոր է ոչ միայն արդյունավետության ու բյուջետային միջոցների խնայողության առումով: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը նաեւ նպատակ ունի նվազեցնելու վառելափայտի օգտագործումն ու ծառահատումները: Յուրաքանչյուր այսպիսի նախագիծ բնապահպանական յուրօրինակ քարոզարշավ է, որը  բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, իրազեկում է, թե ինչու եւ ինչպես կարելի է հոգ տանել բնության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ 600 բնակիչ ունեցող Ջուջեւանի վարչական շենքը կանոնավոր չի ջեռուցվել ավելի քան 25 տարի: Փոխարենը օգտագործվել են  ոչ արդյունավետ եւ ծախսատար ջեռուցման միջոցներ: Նախագծի շրջանակում տեղադրված  ջեռուցման համակարգը, որը ներառում է եւ՛ գազի կաթսա, եւ՛ արեւային ջրատաքացուցիչներ, շենքի ջեռուցման խնդրին օպտիմալ լուծում է՝ էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված: Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսերը եւ կապաhովի տաք ջրամատակարարմամբ ամբողջ տարվա ընթացքում: Գազի կաթսան կօգտագործվի միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու նպատակով: