ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի իր ցուցակն «էլ ավելի ներդաշնակ դարձնի» ԵՄ-ի հետ: Այդ մասին  «Ինտերֆաքսին» տեղեկացրել է Մոսկվայում ամերիկյան դեսապանատան մամուլի կցորդ Ուիլլ Սթիվենսը: 

«Այսօրվա գործողությամբ մենք ցուցակում ներառել ենք մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք արդեն նշված են ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակում», _ հայտնել է Սթիվենսը:

Նրա խոսքով, Վաշինգթոնի եւ Բրյուսելի ցուցակների ներդաշնակեցումն  «ապահովում է մի իրավիճակ, որում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բիզնեսի ներկայացուցիչները նույն կանոններով են խաղում», եւ «նվազեցնում  է ծանրաբեռնվածությունը մասնավոր սեկտորի վրա»:

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի իշխանություններն ընդլայնել են ռուսական եւ ուկրաինական մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցային ցուցակը:  Ցուցակի մեջ, մասնավորապես, ներառվել են «Յանդեքս Փող»-ը, ՎՏԲ24-ը, Գլխավոր բանկը եւ Մոսկովյան շրջանային բանկը: Ցուցակը ներառում է նաեւ ՎՏԲ-ի   15 դուստր կառուցվածքներ, Խնայբանկի ինը կառուցվածք, Յալթայի կինոստուդիան եւ գինու «Մասանդրա», «Նոր լույս» եւ «Մագարաչ» գործարանները:

Կրեմլում այդ որոշումը ոչ բարեկամական եւ ապակառուցողական են անվանել:  «Դա այն գծի շարունակությունն է, որը ապակառուցողական ազդեցություն ունի երկկողմ հարաբերությունների վրա», — կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա խոստացել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:  «Հիմնվելով, բնականաբար, փոխադարձության սկզբունքի վրա, ռուսական կողմը կվերլուծի ընդունված որոշումները, իսկ հետո հնարավոր հակամիջոցների վերաբերյալ առաջարկներ կկուտակի», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Խնայբանկից իրենց հերթին նշել են, որ դուստր կառույցների վրա ոլորտային պատժամիջոցների տարածումը «ոչ մի կերպ չի փոխում ծավալը եւ իրավական ուժը» նախկինում կիրառված պատժամիջոցների: