ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին՝ նշելով, որ Բարեկամության հրապարակում ճանապարհային երթեւեկության կազմակերպման որեւէ սխալ չկա, ինչպես պնդել էր պատգամավորը:
ՃՈ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվումմ է.
«ՀՀ Ազգային Ժողովի 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեղադրել է Ճանապարհային ոստիկանությանը Երեւան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթեւեկությունը սխալ կազմակերպելու, այն է՝ ճանապարհային նշանները ոչ ճիշտ տեղադրելու մեջ, ինչի հետեւանքով արգելվել է Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա, եւ վարորդները Հրաչյա Քոչար փողոցից Բաղրամյան պողոտա երթեւեկելու համար ստիպված են հետադարձ կատարել Կիեւյան փողոցում:
Որպես հիմնավորում ներկայացվում է, որ Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչեւ Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթեւեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթեւեկել միայն ուղիղ: Մեր կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին ուսումնասիրվել է Երեւան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթեւեկության կազմակերպումը, որի արդյունքում պարզվել է հետեւյալը: Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչեւ Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթեւեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթեւեկել միայն ուղիղ: Սակայն, հրապարակի կենտրոնում՝ մինչեւ Բաղրամյան պողոտա ձախ շրջադարձ կատարելու վայրը, տեղադրված է եւս մեկ 5.15.1՝ «Երթեւեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշան (նկարում՝ կարմիր շրջանակի մեջ), որով ձախ եզրային գոտուց թույլատրվում է ինչպես երթեւեկել ուղիղ, այնպես էլ կատարել ձախ շրջադարձ դեպի Բաղրամյան պողոտա: Սա արված է այն նպատակով, որ վարորդները Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձ կատարեն միայն դեպի Բաղրամյան պողոտայի համընթաց ուղղություն, այլ ոչ հանդիպակաց կողմը կամ «Հայաստան» հանրախանութի կայանատեղ:
Բացի այդ, Հրաչյա Քոչար փողոցի ձախ եզրային գոտու վերջից մինչեւ Բաղրամյան պողոտայի ձախ եզրային գոտու սկիզբն առկա է նաեւ 1.7` «ընդհատվող գիծ» գծանշումը, որը ցույց է տալիս երթեւեկության գոտիները խաչմերուկի սահմաններում։
Այսինքն, Երեւան քաղաքի Բարեկամության հրապարակում Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա արգելված չէ (իմիջիայլոց՝ երբեք արգելված չի էլ եղել), եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման որեւէ սխալ չկա»:



























