Հայ արորդիների համար Նոր տարին նոր կյանքի, բնության վերանորոգման խորհրդանիշ է, որը նշում են Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն աստծու փառաբանման օրը` մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարին: Այդ օրը տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով արորդիները փառաբանում են Վահագն աստծուն, այնուհետեւ շնորհավորում միմյանց Երկրային ու Երկնային գարունների եւ Հայոց Ամանորի առիթով: Նոր տարին, որը նշում են քրիստոնյաները, արորդիները անվանում են «քաղաքացիական Նոր տարի», որը հայ հեթանոսները նույնպես տոնում են, սակայն այլ գաղափարախոսությամբ: Արորդիները համարում են, որ Նոր տարին դեկտեմբերի 22-ին նշվող նույն` լույսի, մաքրության աստված Միհրի ծննդյան տոնն է, որը քրիստոնյաները փոխարինել են Ամանորով:
«Քաղաքացիական Նոր տարին փոխառնված է Միհրի տոնից, երբ հեթանոսությունը քրիստոնեությամբ փոխարինվեց, տարվա կարեւորագույն տոնը պահպանեցին, բայց դրեցին Քրիստոսի ծննդի մեկնաբանությամբ, մենք Միհր աստծու ծնունդն ենք նշում, քրիստոնյաները` Քրիստոսի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քուրմ Գեղամը:
Չնայած Ամանորը արորդիների համար այնքան էլ ընդունված տոն չէ, բայց արորդիները չկտրվելով ազգային ավանդույթներից, հետեւում են նաեւ ժամանակակից աշխարհի տոներին` նշում են «քաղաքացիական Նոր տարին», որը տոնում են համարյա քրիստոնյաների սովորությունների համաձայն: Սակայն հայ արորդիները Նոր տարվա առաջին օրը` հունվարի 1-ին, ոչ թե տոնում են գալիք նոր տարին, այլ նշում են զորավար Գարեգին Նժդեհի ծննդյան օրը: Արորդիների համար տոնածառը նույնպես այլ գաղափարախոսություն ունի` դա կենաց ծառն է, որն իրականում պետք է լիներ ծիրանենին:
«Տոնածառ դնում ենք, սակայն այլ խորհրդով, այն կենաց ծառ է համարվում, որը պետք է ծիրանենին լիներ, քանի որ այն անհնար է բերել տանը դնելը, դրա փոխարեն տոնածառ ենք դնում»,-ասաց քուրմ Գեղամը` նշելով, որ «քաղաքացիական Նոր տարին» հայ արորդիների եւ քրիստոնյաների համար լավ առիթ է հանդիպել երկար ժամանակ չտեսած բարեկամներին, մի քանի օր ուրախ ու երջանիկ անցկացնելու համար:




























