Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում այսօր՝ դեկտեմբերի 23-ին,  2 քաղաքացու վրաերթի ենթարկած տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Էլմիրա Մանյանը արդեն երկար տարիներ է՝ աշխատում է Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում եւ այս տարիների ընթացքում  նրա աշխատանքի հետ կապված ոչ մի լուրջ միջադեպ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ  գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը՝ նշելով, որ  Էլմիրա Մանյանը պրոֆեսիոնալ վարորդ է եւ, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել հետիոտների պատճառով:

«1980 թվականից մեզ մոտ է աշխատել, իր կողմից ոչ մի լուրջ միջադեպ չի եղել այս ընթացքում, պրոֆեսիոնալ վարորդ է: Հանգամանքների բերումով է եղել միջադեպը, դեպքը եղել է Կոմիտասի պողոտայում գտնվող ստորգետնյա անցումի մոտ եւ, ամենայն հավանականությամբ, հետիոտները արագ վազել եւ դուրս են եկել  ավտոբուսի դիմաց, անցել են փողոցի անթույլատրելի մասով, հնարավոր է, որ այդ պահին էլ Էլմիրան նայել է այլ ուղղությամբ»,-ասաց Պետրոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Է. Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: