Նախընտրական մրցապայքարում միլիարդատեր Դոնալդ Թրամփի առաջատարի դիրքը խարխլվել է, որովհետեւ վերջին հարցման արդյունքների համաձայն, նա թեքսասցի սենատոր Թեդ Քրուզից առաջ է սոսկ   4 տոկոսով, գրում է  Politico թերթը:

Քվինիփեքի համալսարանի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն, վերջին հարցումից ի վեր, Թրամփի վարկանիշը բարձրացել է ընդամենը  1 տոկոսով եւ այժմ կազմում է 28 տոկոս, մինչդեռ Քրուզի վարկանիշը հասել է  24 տոկոսի: Երրորդ տեղը զբաղեցնում է Ֆլորիդայի նահանգի նահանգապետ Մարկո Ռուբիոն, որը  12 տոկոս է հավաքել, տեղեկացնում է Gazeta-ն:

Նշվում է, որ Քրուզն ամենամեծ ժողովրդականությունն է վայելում սպիտակամորթ քաղաքացիների եւ աստվածաշնչային քրիստոնյաների շրջանում: Հանրապետական ընտրողների  40 տոկոսը նաեւ կարծում է, որ թեքսասցի սենատորն առաջատար էր վերջերս անցկացված բանավեճերում եւ միայն  20 տոկոսն է կարծում, որ դրանցում հաղթել է Թրամփը: 

Միաժամանակ ընտրողների 50 տոկոսը հայտնել է, որ ինքը կամաչեր, եթե Թրամփը ԱՄՆ-ի նախագահ դառնար: Հոդվածի հեղինակի կարծիքով, նման արդյունքներն այն մասին են վկայում, որ Քրուզը սկսում է  «միլիարդատիրոջ կրունկները տրորել», իսկ Թրամփի վիճակն ավելի անկայուն է դառնում: