Աֆղանական Ջալալաբադ քաղաքը վախի մեջ է ապրում  «Իսլամական պետության» ռադիոկայանի գործարկման հետեւանքով, որովհետեւ «Խալիֆաթ ռադիոյի» ստեղծումն ի ցույց է դնում ահաբեկիչների «սարսափեցնող իշխանությունը», գրում է The Washington Post թերթը:

Նշվում է, որ հեռարձակումը սկսվում է ամեն երեկո ժամը վեցին, եւ քաղաքի ու շրջակա տարածքների բնակիչները ռադիոյով թրերի ձայներ ու գնդացրի աղմուկ են լսում: Դրանից հետո հաղորդավարը սկսում է Ղուրան կարդալ, երիտասարդ աֆղաններին կոչ է անում միանալ ԻՊ-ին  եւ սպառնում է «անհավատներին»: Տեղացի պաշտոնյաները չեն կարողանում որոշել, թե որտեղից է իրականացվում հեռարձակումը, բայց հայտնում են, որ այն լսելի է ամբողջ Նանգարհար նահանգի տարածքում: Շատ քաղաքացիներ կասկածում են, թե նոր ռադիոն ֆինանսավորվում է Պակիստանի կողմից, սակայն երկրի պաշտոնական անձինք այդ տեղեկությունը հերքում են, գրում է  Gazeta-ն:

Ջալալաբադի բնակիչները պնդում են, որ ահաբեկչությունից աճող վախի պատճառով քաղաքը լի է ոստիկանական մեքենաներով, իրենք` քաղաքացիները, ջանում են մութն ընկնելուց հետո փողոց դուրս չգալ, իսկ տեղի գործարարներն ասում են, որ «առեւտուրը նվազում է»:  Բացի այդ, Ջալալաբադը լի է անգործ նորեկներով, որոնք ահաբեկիչներից են փախել: