Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ճապոնիայի Միջազգային քրիստոնեական համալսարանի տարածքում տեղադրել է Խաղաղության խաչքար։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ելույթ ունեցան Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Միջազգային քրիստոնեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կակուտարո Կիտաշիրոն եւ համալսարանի ռեկտոր Ջունկո Հիբիյան, ներկա էին Ճապոնիայի հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ, համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի անդամներ։

Ելույթներում, մասնավորապես, նշվեց, որ Ճապոնիայում հայկական առաջին խաչքարի տեղադրումը կարեւոր եւ խորհրդանշական քայլ է, հաշվի առնելով, որ այն իրականացվել է քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի կողմից եւ խաղաղության ու բարեկամության պատգամ է հանդիսանում ժողովուրդներին եւ գալիք սերունդներին։ Նշվեց նաեւ, որ խաղաղության խաչքարի տեղադրումը հայ-ճապոնական բարեկամության շարունակության եւ ամրապնդման վկայությունն է։