Ադրբեջանի ռազմական ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, հատկապես վերջին ամիսներին, ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ այսօր կառուցողական քննարկումների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Ըստ նրա` Բեռնում Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը եւս մեկ անգամ վկայեց, որ իրապես Ադրբեջանը չունի պատրաստակամություն կառուցողական բանակցություններ վարելու եւ շեշտը դրել է միայն ռազմական ճանապարհով իրավիճակը փոխելու մարտավարության վրա:

Չնայած Ադրբեջանի հարձակումներին` լայնածավալ պատերազմի վտանգ Կորյուն Նահապետյանը չի տեսնում` պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով:

«Բոլոր գերտերությունները Հարավային Կովկասում ունեն աշխարհաքաղաքական շահեր եւ ըստ իս` նրանց շահերից այսօր չի բխում լայնամասշտաբ գործողությունների իրականացումը, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Կարծում եմ` այսօր առավել եւս համախմբված գործելու, տարբեր ճակատներում` այդ թվում դիվանագիտական ճակատում,  գործելու անհրաժեշտություն ունենք»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` երկրի անվտանգության առաջին գրավականը մեր մարտունակ բանակն է, որը զինված է նորագույն սպառազինությամբ:

Դիտարկմանը, թե  մարտունակ բանակի պարագայում էլ սահմանին գործողություններն ուղեկցվում են զոհերով եւ սփոփիչ չէ, որ հակառակորդը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ կարող է ունենալ, քան Հայաստանը, Նահապետյանն արձագանքեց. «Ամեն զինվորի մահը մեզ համար անձնական ողբերգություն է, բայց այն իրավիճակը որ այսօր կա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, նաեւ հայ-ադրբեջանական սահմանին, այնպիսին է, որ թե պաշտպանողական, թե նախահարձակ գործողություններ իրականացնելիս` հնարավոր են նաեւ մարդկային կորուստներ»:

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի երկու երկրների ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների առաջարկին` շփման գծում բռնության ռիսկերի նվազեցման, միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը կհամաձայնի այս մեխանիզմների կիրառմանը` հաշվի առնելով իր  ռազմաքաղաքական վարքագիծը, Նահապետյանը պատասխանեց. «Գիտեք, որ վերջին շրջանում Ադրբեջանը խզում է իր կապը միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, եւ դա վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը նման գործողություններով ցույց է տալիս իր անպատրաստակամությունը առողջ հարթակներում բանակցություն վարելու ու խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ: Այս պարագայում միջազգային կառույցները պետք է լինեն ազդեցիկ ու հետեւողական իրենց հայտարարություններում, գնահատականներում: Այս մասով իհարկե, մեր ակնկալիքները մեծ են:  Հույսը  դնել միջազգային կառույցների վրա, որոնք մեզ համար բավարարող հայտարարություններ են անելու, ուղղակի միամտություն է»: