Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով դատաքննությունն ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Դատաքննությունն ավարտվել է եւ դեկտեմբերի 28-ին նշանակված նիստում մեղադրական ճառով հանդես կգա գործով դատախազը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ Կունգուրցեւը պնդում է, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: