Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 10 PN 101 համարանիշի (վարորդ` 23-ամյա Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից բախվել Չարենցի փողոցի թիվ 113/1 տան սանդուղքներին եւ բռնկվել, ինչի հետեւանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել կայուն ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարվել` 04.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն՝ ամբողջությամբ:




























