Ռուսաստանի քննչական կոմիտեն ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ավարտել է մի շարք փորձաքննություններ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Փորձաքննություններից մեկի շրջանակներում ուսումնասիրել են սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշեւի բնակարաններից առգրաված համակարգիչները:

«Դադաեւի համակարգչում որեւէ ապացույց չի հայտնաբերվել, որ նա որեւէ կերպ հետաքրքրված է եղել Նեմցովով, իսկ ահա Գուբաշեւը, ըստ մասնագետի, բազմիցս բրաուզերում հավաքել է Նեմցովի անունը, ազգանունն ու հայրանունը: Դատելով այս ամենից, նա դա որոնողական համակարգերում տեղեկատվություն է հավաքել Նեմցովի մասին»,-գրում է թերթը:

Մեկ այլ փորձագետների խումբ, Շադիդ Գուբաշեւի հագուստի վրա հայտնաբերել է վառոդի հետք: Միաժամանակ քննությունը կարծում է, որ, անձամբ Գուբաշեւը սպանությանը չի մասնակցել, այլ միայն սպանությունը կատարողներին տեղափոխել է: Սակայն ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւի հագուստի վրա վառոդի հետք չի հայտնաբերվել: