Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, ադրբեջանական սահմանից 1 կմ հեռու գտնվող Բերդավան համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգը համալրվել է արեւային ջրատաքացուցիչներով:

Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը, համայնքի բնակիչներ:

«Արեւային էներգիայի օգտագործումն այնքան առավելություններ ունի, որ ուղղակի խելամիտ չի լինի չօգտվել անսպառ եւ մաքուր այդ աղբյուրից: Մանկապարտեզում արեւային տաքացուցիչի տեղադրումը ոչ միայն կնպաստի հոսանքի ծախսերի կրճատմանը, այլ նաեւ ուսուցողական նշանակություն կունենա. երեխաները փոքր տարիքից կհասկանան, որ պետք է պատասխանատու եւ գիտակից վերաբերմունք ունենալ բնության հանդեպ, առաջացած խնդիրների լուծման համար օպտիմալ տարբերակներ փնտրել, իմանալ առավել առաջադեմ եւ նորարար տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մոտ 3,600 բնակիչ ունեցող Բերդավան համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 100-ից ավելի է: Սկսած իննսունական թվականներից մանկապարեզը ջեռուցվել է փայտե վառարաններով, որոնք, բացի ծախսատար եւ ոչ արդյունավետ լինելուց, նաեւ վտանգավոր էին երեխաների համար: Ընթացիկ տարում մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման համակարգ, որը, թեեւ ապահովում է կայուն ջերմություն, սակայն ծախսատար է եւ համայնքի դրամական միջոցների հետ անհամատեղելի:

Նախագծի շրջանակում գյուղի մանկապարտեզում առկա  ջեռուցման համակարգը համալրած արեւային ջրատաքացուցիչները ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց են:  Համակարգի գործարկումը  50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը եւ կապահովի տաք ջրամատակարարում ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Ջեռուցման համակարգի գազի կաթսաները կօգտագործվեն միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու համար: