2015թ-ի գլխավոր քաղաքական ավանտյուրան Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Այնքան բարդ ու անպատրաստ փաստաթուղթ էր, ժողովուրդն այդպես էլ չի հասկացել, թե ինչի համար էին այս փոփոխությունները: Ըստ իս, պահը չէր Սահմանադրական փոփոխություններ անելու համար: Պետք էր սկսել պատրաստվել դեռ երկու տարի առաջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նույնպես կարծում է, որ գլխավոր ավանտյուրան հենց դեկտեմբերի վեցին կայացած հանրաքվեն է եղել:

«Արկածախնդիր որոշում էր սա, իշխանությունները հենց փողոցում հանրաքվեի օրն էին գումար բաժանում, իսկ ընդդիմադիրներին էլ ասում են` հսկեք իրավիճակը եւ հանրաքվեի անցկացումը»,- նշեց Արամ Սարգսյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մինչդեռ կարծում է, որ հանրաքվեն ուշացած էր դեռ. «Հայաստանի հիմնական առանցքային բովանդակությունը քաղաքական որոշումն է. այսօրվա Սահմանադրությունը լայն հնարավորություններ է տալիս Հանրապետության նախագահին եւ հաշվետվողականության զրո մակարդակ: Իսկ նոր Սահմանադրությամբ հնարավորությունները բաժանվում են երեք մասի: Ըստ իս, ամենագլխավոր խնդիրն այն է, որ մարդն աշխատում է, սակայն չի կարողանում արժանապատիվ աշխատել»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համար տարվա քաղաքական ավանտյուրան անդամակցել ԵՏՄ-ին` առանց համապատասխան երաշխիքների:

«Միությունը պետք է ծրագիր ունենար Հայաստանին աջակցության համար կամ արտոնության, սակայն մենք ոչինչ չտեսանք: ԵՏՄ-ն մեզ վերաբերում է` որպես հավասար ուժի, որը սակայն սխալ մոտեցում է»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը: