Royal Bank of Scotland-ի գլխավոր տնտեսագետ Էնդրյու Ռոբերթսը կարծում է, որ 2016 թ. նավթի համաշխարհային գների զանգվածային անկումը կարող է շարունակվել ու հասնել բարելի դիմաց 16 դոլարի: Այս մասին հայտնել է «ՌԲԿ» –ն՝ վկայակոչելով բրիտանական ներդրումային բանկի զեկույցը:

Ռոբերթսը վստահ է, որ ֆունդամենտալ գործոնները շատ պարզ նկարագրում են նավթի գների ընթացիկ դինամիկան: Նա վստահ է, որ ներկայիս թրենդը պայմանավորված է նրանով, որ նավթի առաջարկը գերազանցում է պահանջարկը: Սա է այն հիմնական գործոնը, որը կպահպանի ներկայիս թրենդը՝ առավել եւս որ շուտով Իրանը դուրս կգա նավթի համաշխարհային շուկա: Ավելին, էներգառեսուրսների պահանջարկին հարվածել է տաք կլիման, որը պայմանավորված «Էլ Նինյո» գործոնով, հայտնում է Gazeta-ն:

«Դա թունավոր բաղադրատոմս է նավթային գների համար: Կարճաժամկետ հեռանկարում մենք կհասնենք բարելի դիմաց 26 դոլարի իսկ դրանից հետո արդեն՝ բարելի դիմաց 16 դոլարի: Մեր կանխատեսումներով դա պետք է կատարվի 2016 թ., բայց մեծ է հավանականությունը, որ դա կկատարվի արդեն առաջին եռամսյակում, քանի որ նավթի համաշխարհային պահանջարկը, ինչպես համարում է Միջազգային էներգետիկ գործակալությունը, կտրուկ կկրճատվի,իսկ նավթի պահեստներն արդեն գերծանրաբեռնված են»,- գրում է Ռոբերթսն իր զեկույցում:

Տնտեսագետի կարծիքով նվազ կարեւոր գործոններ են տեխնոլոգիաների զարգացումը ու էներգիայի վերականգնվող աղբյուրների նկատմամբ օրեցօր ավելացող պահանջարկը: Ավելին, Ռոբերթսը առհասարակ չի հասկանում, թե ինչու են որոշ ներդրողներ դրույքներ դնում նավթի գների աճի վրա:

«Ինձ համար դա նույնքան զարմանակի է, որքան եւ այն, թե ինչ դժկամությամբ էին նավթի գներն իջնում 2015 թ: Բայց այս հարցին իմ պատասխանը՝ բորսայում երկար դիրքերի բացումն է»,- գրում է Ռոբերթսը: