Ակնհայտ է, որ Աջափնյակի թաղապետարանի նախկին շատ պաշտոնյաներ լավ էլ առուծախի առարկա են դարձրել Նազարբեկյան 48 շենքի կիսակառույցն ու նպաստել մարդկանց բնակությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը հաշվետվություն է ներկայացրել 2015-ի իր արած ու չարածի մասին:

Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է.

«Բարեւ Երեւան» խմբակցությունը 2015թ. ընթացքում  ունեցել է խմբակցության 12  ընթացիկ եւ 1 արտահերթ նիստ, որոնց օրակարգում ներառվել են ավագանու մոտակա նիստերի օրակարգում ներառված  հարցերի քննարկում եւ քվեարկությունների վերաբերյալ դիրքորոշում:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամները բազմաթիվ եւ բազմաբնույթ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, նրանցից ստացել են ավելի քան  60    նամակ:  2015թ. ընթացքում  ոչ միայն քաղաքացիների բարձրացրած, այլեւ տարբեր հասարակական հնչեղություն ունեցող հարցերի  վերաբերյալ  պետական մարմիններին հղել ենք ավելի քան 235 նամակ, տարածել ավելի քան 54  մամլո հաղորդագրություն: Երկկողմանի համագործակցության արդյունքում երեւանցիների բարձրացրած  բազմաթիվ խնդիրներից լուծվել են ավելի  քան 30-ը:

Չլուծված են մնում  բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես խմբակցությունը բազմիցս ահազանգել եւ լուսանկարել է քաղաքի տարբեր մասերում հողատերերի շինարարության նպատակով փորած ու աղբանոցի վերածված հսկայական փոսերի մասին, որոնք այդպես էլ չեն վերանում: 

Խմբակցության  ջանքերի  շնորհիվ  2015թ. փետրվարից     սկսվեցին  առցանց  հեռարձակվել Երեւանի ավագանու նիստերը, վերջապես  վերաբացվեց Երեւանի թիվ 1 մանկապարտեզը, որտեղ սկսեց գործել  2 խումբ, որը չէր գործում շուրջ 5 տարի,   Էրեբունու Ազատամարտիկների պուրակը վերադարձվեց համայնքի բնակիչներին, «Ծառատունկ Հայաստան»  ծրագրի եւ  քաղաքապետարանի համագործակցությամբ  իրականացավ  Մանկական երկաթուղու հարակից այգու մաքրման աշխատանքները,  վերականգնվեց  Նորագավիթ 6 փողոցի լուսավորությունը, վերացվեց Շիրակի 70,72,74 շենքերի, Էրեբունի 30 շենքի, Ֆրունզեի փողոցի  6/7 շենքի կոյուղագծերի խցանումը,  ասֆալտապատվեցին Այգեստանի 3-րդ եւ 4-րդ ,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարիամ Աստվածածին  ծննդատուն տանող, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սեւակ մայրուղուց դեպի Սեւակի 2-րդ շենք տանող փողոցները, բարեկարգվեց  ու կանաչապատվեց  Նազարբեկյան 31 շենքի եւ հարակից տարածքները  եւ  այլ  լուծված խնդիրներ: Համառ հարցումների ու հրապարակային աշխատանքի շնորհիվ գտնվեց  քաղաքացի Արփիկ Հարությունյանի  առեւանգված  9-ամյա դուստրը:  Ասֆալտապատվել է  Երեւանի Մադոյան փողոցը, որտեղ գտնվում է «Արմեն Կարպետ» գորգագործական ընկերությունը, որն իր հարուստ հնամենի գորգերի ցուցահանդեսով դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր:

«Բարեւ Երեւան» խմբակցությունը 2016թ. Երեւանի բյուջեում ունեցել եմ 14, իսկ Երեւանի զարգացման ծրագրում` 7  առաջարկություն:

 2016թ. բյուջեի 14 առաջարկներից ընդունվել են 8-ը, իսկ  2016թ. Երեւանի զարգացման ծրագրում արված 7 առաջարկություններից ընդունվել է 5-ը: Դրանցից յուրաքանչյուրը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային են դարձնում Երեւանի ենթակայության նախադպրոցական եւ հանրակրթական բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, մասնավորապես Երեւանի կայքում արդեն տեղադրված են բոլոր դպրոցների տարիֆիկացիաներում առկա թվային տեղեկությունները, ֆինանսական փաստաթղթերը, հաստիքացուցակները, նախահաշիվներն ու դրանց կատարողականների մասին փաստաթղթերը:

Ինչպես նաեւ արդեն ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող եւ հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը, որը քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվում է  ս.թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 2016-ից՝ խոստացել են հերթագրված երեխաների ցուցակները հրապարակել կայքում: Երեւանի քաղաքապետարանի կայքն այս առումով ընդօրինակելի է ԿԳՆ-ի եւ Հայաստանի մնացած  համայնքների համար, որոնք իրենց ենթակա հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ նման տեղեկատվություն չեն  հրապարակում:

Չի լուծվում Աջափնյակի Նազարբեկյան 48 շենքի պատկանելիության հարցը: Ակնհայտ է, որ Աջափնյակի թաղապետարանի նախկին շատ պաշտոնյաներ լավ էլ առուծախի առարկա են դարձրել այս կիսակառույցն ու նպաստել մարդկանց բնակությանը: Հիմա ասում եք դա պետական սեփականություն է, սակայն շենքն ամբողջությամբ չէ պետական սեփականություն, այլ այսօր արդեն ընդամենը 3 բնակարան; Ասում եք քաղաքի հաշվեկշռում չի ու  ուզում եք  փախչել խնդրի լուծումից, Լավ, ասենք այդպես է, բայց  մարդիկ հիմա ապրում են, նրանք երեւանցիներ են, ո՞ւմ դիմեն այդ մարդիկ, որ շենքի տանիքով ու կոյուղով զբաղվեն: