Իրանը ԱՄՆ-ն է դիտարկում որպես ծանր ջրի ավելցուկային քանակի հավանական գնորդ: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախապատրաստել ենք ավելի քան 160 տոննա ծանր ջուր: Դրանից մոտավորապես 130 տոննան հետագայում կգործածվի Արաքի ռեակտորի համար,- մեջբերում է կազմակերպության ղեկավարի խոսքերը ԻՌՆԱ գործակալությունը,- Մնացած 30 տոննան մենք վաճառքի կդնենք, ինչպես նախատեսված է հուլիսի 14-ին համաշխարհային առաջատար տերությունների հետ կնքված միջուկային գործարքով»: «ԱՄՆ-ին կարելի է դիտարկել որպես հավանական գնորդ, քանի որ Նահանգները ծանր ջրի աշխարհի ամենամեծ գնորդն է»,- պարզաբանել է Սալեխին:

Նա նաեւ նշել է, որ ծանր ջուրը Իսլամական հանրապետությունից մինչեւ միջուկային համաձայնագրի իրականացման սկիզբը դուրս բերելու մասին Վաշինգթոնի պահանջը Թեհրանի պարտավորությունների շրջանակից դուրս է: «Ծանր ջրի վաճառքը պարտադիր պայման չէ միջուկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար: Ըստ համաձայնագրի՝ դա կարող է արվել նաեւ գործարքի իրականացումը սկսելուց հետո»,- ասել է նա: